Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես համապատասխան արձագանք տան կատարվածին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքին: Քոչարյանը չի կարծում, թե Հարությունյանին ծեծելու փաստը սոցցանցերում նաև ՀՅԴ-ի նկատմամբ տարածվող ատելության քարոզի հետևանքն է: «Ի՞նչ հետևանք: Սա կոնկրետ գործողություն է, որն իր մեջ բռնություն է պարունակում: Հետևանք՝ ինչի՞ն: Հետևանք, եթե նայենք, կգնանք Տիգրան Մեծի ժամանակներ», - լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Քոչարյանը: Մեկ այլ լրագրող նկատեց, որ իշխանության կողմնակիցները սոցցանցերում ատելություն են տարածում և հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չէ, որ առաջին քայլն անի իշխանությունը և իր կողմնակիցներին հետ կանգնեցնի ու չտարածվեն բացասական լիցքեր: «Ես բռնությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ունեմ: Բռնության կոչերը պետք է դատապարտել: Բայց բռնության մասին առավոտից իրիկուն տարբեր հեռուստաալիքներ են լուսաբանում, տարածում: Ի վերջո, ես տեսա, թե ոնց էր կոնկրետ անձնավորությունը խոսում…Դա ոչ թե բռնության կոչ էր, այլ կոնկրետ գործողության կոչ: Ի՞նչ է նշանակում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կկանգնեցնեն … կանգնեցնելու ի՞նչ տարբերակներ էր հուշում հայտնի պերսոնաժը (նկատի ունի Գեղամ Մանուկյանին): Այդ պերսոնաժը «Վահան Հովհաննիսյան 31» գործով, երբ փախած էր էլի ինչ-որ բաներ էր հնչեցնում: Մենք հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք, պետք է լինենք ուշադիր, դատապարտենք ցանկացած բռնության կոչ», - հարցին ի պատասխան ասաց Քոչարյանը: Հստակեցնող հարցին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կո՞չ է, Քոչարյանը պատասխանեց. «Գլուխ ջարդելը բռնության կոչ է»: Նման կոչ Ազատության հրապարակի հարթակից հնչեցրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: