ԲՀԿ խմբակցության պատգամավորները կասկածելի են համարում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը: «Վահե Գրիգորյանը իր հարցազրույցներում ոչ լեգիտիմ է որակել գործող նախագահին: Եվ եթե առաջնորդվենք այս հանգամանքով, ստացվում է՝ ոչ լեգիտիմ նախագահը առաջադրել է լեգիտիմ թեկնածուի՞»՝ խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Իվետա Տոնոյանը ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի նախագահի առաջադրած նախկին բոլոր թեկնածուներին խորհրդարանական մեծամասնության կողմից մերժելը անհարգալից վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ: «Վստահ եմ, որ իմ բոլոր գործընկերները ունեն փայլուն հիշողություն. Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին որակում էր «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», ոչ լեգիտիմ նախագահ: Այս դեպքում մենք պետք է հասկանանք՝ իր ձևակերպմամբ ոչ լեգիտիմ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը լեգիտիմ է համարվում, թե ոչ», -հավելեց Տոնոյանը: