ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019-ի փետրվարի 28-ից մարտի 6-ը նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ: Ինչպես հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով սպառողների իրավունքների խախտմանը և խոչընդոտելով հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։
Ուստի, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվեց` 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։ Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվել է:
Համաձայն հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ սահմանված լրացուցիչ պահանջների կատարման մոնիթորինգի կարգի, հանձնաժողովը իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2018-ի 1-ին եռամսյակում կայացած «Լոտ1- Տաշիր քաղաքի Երևանյան և հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում» գործարքի մոնիթորինգ:
Պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարում, այդ կերպ խախտելով հանձնաժողովի 2017-ի սեպտեմբերի 13-ի №391Ա որոշմամբ սահմանված հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների 6-րդ կետը՝ սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը: Ուստի լրացուցիչ պահանջների 6-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվեց։