ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին՝ ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասաց Օհանջանյանը։ Սպասվում է, որ այսօր դատարանը կորոշի՝ կալանավորե՞լ Գեղամ Պետրոսյանին, թե՞ ազատ արձակել։
2008-ի մարտի 1-ին Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը: