ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը մեր արտաքին քաղաքականության ուղղություններից է, ինչն իր արտացոլումն է գտել նաև կառավարության ծրագրում՝ 2018-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նկատեց անկախությունից ԵՄ համագործակցությունը մեծապես նպաստել է ՀՀ-ում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում կայացմանը։ Նախարարը կարևորեց 2017-ի նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որով ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ։ «Նոր համաձայնագիրը կառավարության արդյունավետ կիրարկման գերակայությունների շարքում է և համահունչ է բարեփոխումների համակարգին», - ասաց Մնացականյանը։
ԱԳ նախարարը կարևորեց համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների այդ թվում՝ ՀՀ ԱԺ կողմից։
«2017-ին ապրիլի 11-ին համաձայնագիրը վավերացվեց ԱԺ կողմից, ինչը հնարավորություն տվեց հունիսի 1-ից մեկնարկել համաձայնագրի ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը, որոնք կազմում են համաձայնագրի մոտ 80 տոկոսը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո։ Այսօրվա դրությամբ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերը ավարտին հասցնելու համար ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան։
Մարտի 26-ին Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերություններ հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել համաձայնագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը։ Ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեստագը վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրությանը։ Ապրիլի 18-ին Չեխիայի պատգամավորների պալատը երկրորդ ընթերցմամբ իր հավանությանն է արժանացրել համաձայնագիրը, որը ստորագրել են Չեխիայի վարչապետն ու նախագահը։ Համաձայնագիրը վավերացրել է նաև Շվեդիայի խորհրդարանը», - ասաց Մնացականյանը։