Կարծում եմ՝ դրանք ուշացած հրաժարականներ են, որովհետև այն մարդիկ, որ սկզբունքորեն դեմ էին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու նախաձեռնությանը, պետք է հենց այդ օրը հրաժարական տային ու այդ քայլով ցույց տային իրենց անհամաձայնությունը՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի հրաժարականներին։
«Բայց մարդիկ մնացին, կուլ տվեցին այդ պրոցեսը, և հետո օրեր անց, չգիտեմ ճնշման արդյունքն է, թե ինչ, բայց հրաժարական տվեցին»,- ասաց Մարուքյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին Մարուքյանը նշեց, որ արդեն իսկ ակնհայտ էր՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դժգոհ էին Արտակ Զեյնալյանի աշխատանքից։
«Այստեղ շատ կարևոր է հանգամանք է, որ քաղաքական գործունեության մեջ չի լինում այնպես, որ լինի նախարար, քաղաքական գործիչ, բայց չունենա քաղաքական հենարան։ Երբ պարոն Զեյնալյանը նախարար նշանակվեց, խորհրդարանում ուներ քաղաքական հենարան, իսկ այսօր նա չունի հենարան։ Հետևաբար, անտրամաբանական էր մնալ ու շարունակել աշխատել կառավարության այն կազմում, որի հետ, կարծում եմ անհամաձայնություն է ունեցել։ Չեմ կարծում, որ այդ հրաժարականն իր նախաձեռնություն է, այլ իրեն հասկացրել են, որ դու այևս մեզ հետ չես կարող աշխատել»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։