«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր սևազգեստ քաղաքացիների բերման ենթարկման միջադեպին. «Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով 8 քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։
Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։
Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։ Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները»։