Ֆրանսիական գագաթաժողովը պատմության մեջ առաջին անգամ իր սահմաններից դուրս է անցկացվում: Հայաստանում հայկականացվել ու նոր անուն է ստացել՝ «Մտքերի հայկական գագաթաժողով», որ տարբեր երկրներից անվանի ու ազդեցիկ գիտնականների, ձեռներեցների, ներդրողների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների է Հայաստան բերել։ Համաժողովը Հայաստան բերած նախագահ Արմեն Սարգսյանն անվանում է փոքր, սակայն կարևոր ու իր շրջանակով մեծ ազդեցությամբ իրադարձություն։
«Մտքերի գագաթաժողովում» մասնակիցները համաշխարհային հետաքրքրության կարևորագույն հարցեր են քննարկում, նոր գաղափարներ ներկայացնում, կապեր ստեղծում։ Դիլիջանն այսօր ևս համաշխարհային նշանակության հարցերից անմասն չմնաց։ Հատկանշական է հյուրերի թվում հեղինակավոր քաղաքական գործիչների ներկայությունը։ Գագաթաժողովին մասնակցելու են եկել 2005-2007-ին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Դիլիջանում էր Google ընկերության վաճառքի և արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը։
ՏՏ հսկայի ներկայացուցչին տպավորել է հայաստանյան startup ոլորտը։ «Հոյակապ է, որ Հայաստանը ընդանրապես և հատկապես Երևանը ունեն շատ սկսնակ ընկերություններ՝ startup-եր, հրաշալի է, որ նրանք ողջ աշխարհում շատ կապեր ունեն սփյուռքի հետ։ Եվ դուք ունեք հնարավորություն բիզնես սկսելու, ասենք, Երևանում, բայց միևնույն ժամանակ ռեսուրսներ ունենալ Սան Ֆրանցիսկոյում, և գործընկերներ Լոնդոնում և այլուր, և այս գլոբալ ցանցը միայն կօգնի ձեր սկսնակ ընկերությունների համակարգին բարգավաճելու», - նշեց Սաուդերը։ Որոնողական հսկայի ներկայացուցիչ Թեդ Սաուդերը խորհուրդ ունի Հայաստանի համար՝ չձգտել դառնալ նոր Սիլիկոնյան հովիտ, այլ լինել դրանից մի քանի քայլ առաջ ընթացող գոտի։ «Ոգևորվեք, թե ինչ է տեղի ունենում Լոնդոնում կամ այլուր, տարեք դա ձեր քաղաք, կիրառեք ձեր իրավիճակներում։ Մենք նաև ասում ենք՝ մի փոքր անհարմարություններ ապրեք, փորձեք անել այն, ինչ ձեր հարմարավետության գոտուց դուրս է, մշակեք ինչ-որ մեծ նորարարական գաղափարներ, հույս ունեցեք՝ դա աշխատելու է», - ընդգծեց Google ընկերության վաճառքի և արտադրության ղեկավարը։
«Մտքերի համաժողովին» ուշագրավ հարց հնչեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին՝ Հայաստանը կարո՞ղ է դառնալ երկխոսության կենտրոն աշխարհի խոշոր խաղացողների համար: Նա պատասխանեց. «Հայաստանն ունի առավելություն, քանի որ բոլոր այդ կողմերի հետ ունի լավ հարաբերություններ և կարող է միջնորդի դեր խաղալ՝ կապելով այդ պետություններն իրար հետ։ Պետք է հարգալից և կայուն վերաբերվել մտքի, կրթության, նորարարության և տուրիզմի ոլորտներին: Եթե դա արվի, Հայաստանը կհզորացնի իր կարողությունները Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի, Չինաստանի միջև կամուրջ լինելու հարցում, և դա բավականին հզոր դիրքեր կապահովի Հայաստանին»: