Արդարադատության նախարարին ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, որ նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի՝ արդարադատության նախարարությունում, ներկայացնելով նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուստամ Բադասյանը եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Այդ պաշտոնում, ըստ վարչապետի՝ իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ։
«Ես կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները։ Որևէ գաղտնիք չկա, մենք գտնվում ենք շատ վճռական ու շրջադարձային փուլում, և կառավարությունը ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում ու այդ առումով շատ կարևոր է, որ ադարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին, արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից», - հայտարարեց Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին ու տեղեկացրեց, որ Զեյնալյանը Հայաստանում չէ ու այդ պատճառով էլ ներկա չէ այս հանդիպմանը։ «Ես համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը ու փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա», - հայտարարեց Փաշինյանը: