Սա աբսուրդային եզրահանգում է՝ Tert.am-ին ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: «Ես ծանոթ եմ Վահե Գրիգորյանի եզրահանգմանը: Չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ է առաջ բերել ինքը, որ նման հայտարարություն է արել: Բայց որքանով ես տեղյակ եմ օրենսդրական դրույթներին, նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Ես էլ ինձ հայտարարում եմ հայաստանյան հողերի տիրակալ, իշխան, հետո՞: Այս հայտարարությունն այդ ժանրից է»,- ասաց Մ. Պողոսյանը: Փաստաբանը նշեց, որ առհասարակ ցանկացած անձի կողմից իշխանության յուրացումը հանցագործություն է, և եթե այդպիսի տարրեր կան, իրավապահ մարմինները պետք է գնահատական տան:
«Եթե ինչ-որ անձ հայտարարում է, որ ինքը ՀՀ միապետն է, պետք է քննարկվի՝ իր հայտարարության հետևում գործողություններ թաքնված են, թե ոչ, հիմքեր կա՞ն, թե ոչ: Սա աբսուրդային եզրահանգում է, չեմ պատկերացնում, թե ինչ հիմնավորում կա»,- նշեց Մ. Պողոսյանը: Դիտարկմանը, որ անցումային դրույթներում չկա համապատասխան կետ, որ ՍԴ անդամն այսուհետ ՍԴ դատավոր է, ուստի միայն ինքն ու Արմեն Դանիելյանն են դատավորներ, Միհրան Պողոսյանն արձագանքեց. «Եթե հարցը դրանում է, ՍԴ անդամի ու ՍԴ դատավորի միջև տարբերություն չկա:
Իսկ ի՞նչ է՝ ՍԴ անդամները մինչ այս դատավորներ չէի՞ն, աշխատավարձ չէ՞ին ստանում, բա ինչպե՞ս էր կազմավորվում նրանց աշխատավարձը: Ասում է, թե Արմեն Դանիելյանը Հայաստանում չէ, ինչո՞ւ ինքն այս տրամաբանությամբ չէր կարող լինել ՍԴ նախագահ: Աբսուրդ բաներ են տեղի ունենում Հայաստանում: Եթե դատարանները շրջափակելու կոչերը արդարացվում են, եթե այստեղ խնդիր չեն տեսնում, երբ որ հստակ հրահանգներ են հնչեցվում, որ «ուզես-չուզես կալանքը պետք է տաս», սպասելի է: Սրա արդյունքում մարդիկ իրենց հայտարարում են պաշտոններում պարտականություններ իրականացնողներ»: