«Ժողովուրդը» գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաև կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են։ Խմբակցության մի որոշ հատվածը և, առավել ևս, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար։ Այդ դժգոհությունների պատճառ է, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն՝ «թավշյա» նախարար չէ։ «Ժողովուրդը» երեկ փորձեց տեղեկությունը ճշտել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, անօգուտ ջանքեր էր գործադրում ինֆորմացիայի աղբյուրն իմանալու և նոր դրանից հետո պատասխանելու համար։ Հետո նահանջեց՝ ասելով, թե, օրինակ, ինքը դժգոհ չէ նախարարի աշխատանքից»: