ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ նրա հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն։ «Բայց ՍԴ-ում առկա այն իրավիճակին, որը նկարագրել է Վահե Գրիգորյանը, մենք տեղյակ ենք եղել», - ասաց նա։
Լրագրողներ հարցին՝ որտե՞ղ են այժմ ապօրինի հարստացած և ներկայումս Հայաստանից բացակայող մի շարք անձինք, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի կարող ասել, նման տեղեկատվության չի տիրապետում։
Անդրադառնալով վեթինգի թեմային՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ակտիվորեն զբաղվում են գործընթացով։ «Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում կլինի, թե ճանապարհային քարտեզն ինչպիսին է, ինչպես ենք պատկերացնում վեթինգի իրականացումը։ Ես հաստատում եմ, որ ամենայն հավանականությամբ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է ԲԴԽ-ն», - նշեց Մակունցը՝ միաժամանակ ավելացնելով, որ ԼՀԿ-ն վեթինգի անցկացման իր դիտարկումներն է ներկայացրել, որոնք ապագայում կքննարկվեն։