ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր կլինի, երբ Վրաստանում հանդարտվեն ռուսատյաց կրքերն ու իրավիճակը կարգավորվի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման հրամանագրում հստակ ժամկետ չի նշվում: Խոսքն այն մասին է, որ Վրաստանում իրավիճակը պետք է վերադառնա ոչ ռուսատյաց հունին:
«Հենց որ նման բան արձանագրվի, հնարավոր կլինի վերանայել ընդունած որոշումը»,-ասել է Պեսկովը: Խոսնակը հավելել է, որ իրավիճակը, ընդհակառակը, ավելի է վատանում: «Այնտեղ ներքաղաքական ճգնաժամի որոշակի նախանշաններ կան: Դա մեր գործը չէ, այլ Վրաստանի ներքին գործն է: Դա մեր գործն է դառնում, երբ իրադարձությունները հակառուսական բնույթ են ստանում: Դա մեզ ստիպում է անհանգստանալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը ցավով է արձանագրել, որ Վրաստանում տիրում է ռուսատյաց հիստերիա, որն ավելի են թեժացնում ներքին արմատական տարրերը: