Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն խոստացել է հարգանքով վերաբերվել այնտեղ բնակվող ազգային փոքրամասնություններին. «Այս քաղաքում մենք ընդունելու ենք և հարգանքով ենք վերաբերվելու հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին: Մենք ժողովրդավարություն կկառուցենք և այս քաղաքում արդարություն կհաստատենք»,- հայտարարել է քաղաքապետը, որն ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 54%-ը: Իմամօղլուն ասել է, որ քաղաքում չպետք է լինի «ազգային փոքրամասնություն» հասկացությունը, և Ստամբուլի բոլոր բնակիչները, անկախ էթնիկ պատկանելությունից, պետք է հավասար իրավունքներ ունենան: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը նշում են ոչ միայն Ստամբուլում։ Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Էդիրնե, Սամսուն, Վան, Անթալիա, Դիարբեքիր, Ադանա, Մերսին, Բուրսա, Չորում, Բալըքեսիր, Արդվին և բազմաթիվ այլ քաղաքներում մարդիկ ցնծում են և տոնում Իմամօղլուի հաղթանակը։ Ավշա կղզուց Ստամբուլ քվեարկելու համար մեկնած ընտրողներին վերադարձին դիմավորել են ծափողջույններով։