«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ պատասխանել, թե ում են համարում ՍԴ դատավոր։ «Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են՝ «անդամներ», «դատավորներ»․․․ այս եզրույթները պետք է դեռևս բոլորիս համար բացահայտվեն», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը։ Լրագրողները մի քանի անգամ հստակեցրին հարցը՝ ո՞վ պետք է լինի ՍԴ դատավոր, ուղիղ պատասխան այդպես էլ չհնչեց։ «ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր», - ասաց Աննա Կարապետյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն Վահե Գրիգորյանին նկատի՞ ունի, Կարապետյանն ասաց․ «Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանում երկու դատավորից բացի՝ ուրիշ դատավորներ կա՞ն։ Այս պահին երկու դատավոր է չէ՞ ՍԴ-ում»։
Պատգամավորն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ նկատի ունի։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատգամավորները վերաբերում Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ ինքն իրեն հռչակել է ՍԴ նախագահ։ Այս անգամ ևս հստակ պատասխան չհնչեց։ Իրավիճակը փորձեց փրկել «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ նշելով․ «Վահե Գրիգորյանն այդ հայտարարությունն անելուց հետո ասաց, որ հարցը պետք է քննարկի իր գործընկերների հետ, հետո ասաց, որ այս պահին այդ հարցը չի ցանկանում մեկնաբանել, որովհետև հիմա քննարկումների փուլ է ընթանում։ Հրայր Թովմասյանն էլ չանդրադարձավ այս հարցին, Արայիկ Թունյանը՝ ևս. այսինքն՝ այն մարմինը, որին ձեր հարցերը վերաբերում են, ասում է՝ «ժողովուրդ ջան, մենք քննարկումների մեջ ենք, որևիցե հրապարակային կարծիքի հնչեցումը կարող է էդ քննարկումների արդյունավետությանը խանգարել»։ Եթե այդ սուբյեկտները, որոնք անմիջական քննարկման կողմերն են, չեն ցանակնում մեկնաբանել, ինքանո՞վ ճիշտ կլինի՝ մենք ասենք՝ սենց ենք կարծում, նենց ենք կարծում»: