«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:
Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր վեցերորդ գումարման խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ, որ ԱԺ նախագահը չկա Անվտանգության խորհրդի կազմում այն դեպքում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, և խորհրդարանի դերը մեծացել է: Եվ, ահա, արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորը հանդես է եկել փոփոխությամբ և օրենքում ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Աժ նախագահը: Նախագիծը խորհրդարանին ներկայացվել է մայիսի 30-ին և դեռ վարչություններում չի ենթարկվել փորձաքննության»: