«Վեթինգի նախագծի մասով որևէ կոնցեպտուալ մոտեցում, հայեցակարգային փաստաթուղթ ոչ նախարարությունում, ոչ ԱԺ-ում չկա այս պահին: Մենք նոր սկսում ենք աշխատանքները, հայեցակարգային մոտեցումները և դրանից բխող օրենսդրական փոփոխությունները մշակելով»՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Հիմա հայեցակարգային կետերը չեմ կարող ասել, որովհետև շահագրգիռ բոլոր կողմերի հետ պետք է նախ քննարկենք նման օրենսդրական նախաձեռնություններից առաջ՝ այդ թվում նաև դատավորների»,- ասաց նա:
Նա նշեց, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը պետք է քննարկվի բարձրագույն դատական խորհրդում: Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա նախարարությունում դատաիրավական բարեփոխումներին վերաբերող երկու նախագիծ են մշակում՝ հակակոռուպցիոն, քրեակատարողական ոլորտում: Նա նշեց, որ քննարկվել է կոռուպցիայի հարցերով զբաղվող դատարան ձևավորելու հարցը, նաև քրեակատարողական ոլորտում ունեն բազմաթիվ ծրագրեր: «Բարեփոխումների մեջ առանձին կետեր նվիրված են լինելու քրեակատարողական օրենսդրության փոփոխությանը: Նաև ՔԿՀ-ների ձևի, տեսակի, առհասարակ, հանցավոր ենթամշակույթի վերացման ուղղությամբ համակարգային քայլեր ենք իրականացնում»,- ասաց նա:
Հարցին՝ քրեակատարողական հիմնարկներում քրեական հեղինակությունների հարցերը ինչպե՞ս է կարգավորվելու, քրեական հեղինակություններին կենտրոնացնելով մի ՔԿՀ-ում, ինչպես այսօր է արվել, հնարավոր է այդ հարցին լուծում տալ, նախարարը պատասխանեց. «Դա ընդամենը մեկ քայլ է: Խոսքը գնում է նախագծի մասին, որով հանցավոր մշակույթ և այլ նմանատիպ հանցակազմեր են ավելանում քրեական օրենսգրքում: Դա այսօր մենք կուղարկենք կառավարություն, վերջնականացման փուլում է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ դա ընդամենն առաջին քայլն է: Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվում են, երաշխավորում եմ՝ ճիշտ ձևի աշխատելու են: Եթե նկատի ունեք ինչ-որ նախկին արատավոր պրակտիկա, ըստ որի, արդարադատության նախարարին ՔԿՀ պետերը չեն ենթարկվում, չեն լսում, դա բացառվում է»: