Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցադիմում է ուղղել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարարությունը միջամտում պատրիարքական ընտրության գործընթացին:
Հունիսի 27-ին նախատեսված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել էր մինչև հուլիսի 4-ը Ստամբուլի նահանգապետարանից պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրության համաձայն: Փայլանը նախարար Սոյլուից պատասխան է ակնկալում, թե ի՞նչ հիմնավորմամբ է պետությունը փոխում տեղապահի ընտրության ամսաթիվը: Հիշատակելով 2017-ին նահանգապետարանի կողմից տեղապահական ընտրությունը չեղարկելու հանգամանքը՝ պատգամավորը պարզաբանում է պահանջել, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով պետությունը միջամտում է հոգևոր կառույց Հայոց պատրիարքարանի ներքին գործերին: Ընդգծելով, որ մայիսի 23-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկար տարիներ պետության կողմից պատրիարքական ընտրության խոչընդոտումը կրոնական ազատության ոտնահարում էր որակել` Փայլանը վրդովմունք է հայտնել, որ այս քայլերով շարունակվում է խախտվել հայ համայնքի իրավունքները:
«Պատրիարքարանի գործունեությունն ու պատրիարքական ընտրությունը կանոնակարգող 1863-ի Հայոց ազգային սահմանադրության, որ դրույթների հիման վրա է նախարարությունը միջամտում պատրիարքի ընտրությանը», - հարցման մեջ նշել է Փայլանը: