Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ, Facebook-ի իր էջում գրել է կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։ «Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ ողջ կառուցվածքը, պետք է արձանագրել, որ Համալսարանն ու համալսարանական ինքնավարության միջավայրը շատ խոր ճգնաժամի մեջ են: Ամեն դեպքում, անթույլատրելի է, որ հարյուրամյա ավանդույթներ ունեցող Մայր Բուհի վարչական միավորներից մեկի ղեկավարի պատճառով համալսարանը նման փորձությունների ենթարկվի: Համալսարանն իմ համար արժեք է, համալսարանում են անցել երիտասարդությանս լավագույն տարիները, Հժհամալսարանում եմ կայացել` որպես մասնագետ, որպես քաղաքացի, որպես հայ հայրենասեր... Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. պարոնայք իշխանավորներ, հարգելի ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյան, հարգելի ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան, Դուք համալսարանում օտար մարդիկ չեք, հուսով եմ` համալսարանը ձեր համար նույնքան ազգային արժեք է, որքան ինձ համար: Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Ջորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատել աշխատանքից և ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակին, ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը:
Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին», - գրել է Վարագյանը: