Արմավիրի մարզում, ամբողջ բերքը ավերվել է՝ նշեցին Արմավիրի մարզի Այգեվան համայնքի բնակիչները` ներկայացնելով, թե ինչ վնաս են կրել երեկվա ուժգին կարկուտից: «Ամեն տարի նույն պատմությունն է: 500-700 հեկտար ծիրանենու այգիներ է վնասվել` չհաշված բանջարեղենը. ամեն ինչ հողին է հավասարվել»,-նշեց գյուղատնտեսներից մեկը: Մեկ ուրիշ գյուղացի ասաց, որ 15-17 միլիոն դրամի չափով վնաս են կրել: «Այսօր Արմավիրի մարզի գյուղվարչության պետն էր եկել, ով անձամբ նայեց և գնահատեց, որ 80-100 տոկոս վնաս կա: Գյուղվարչության պետը բոլորը մարզպետին կներկայացնի, մարզպետն էլ` կառավարությանը»,-ասաց նա:
«Իշխանություն է փոխվել, տեսնենք ինչ կլինի»,-ասաց մեկ այլ գյուղացիներից, ում խոսքով ինքը պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերը: «Հիմա ո՞վ մեզ պետք է փոխհատուցի: Մեկը վարկ ունի, մեկը պարտք ունի, մեկը հիվանդ է: Անձամբ ես 80 տոկոս վնաս ունեմ, իսկ մարդ կա, որ հարյուր տոկոս վնաս է կրել»,-նշեց տուժած գյուղացին: Գյուղացիները բողոքեցին, թե մարդիկ կան, որ 50-100 հեկտար հողեր ունեն, նրանց համար դրել են հակակարկտային կայաններ, իսկ իրենց մասին մտածող չկա: Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: