Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009-ին կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու գլխավոր դատախազի բողոքը։
Բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասել է, որ 2018-ի սեպտեմբերի Մուշեղ Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշումից հետո էին դիմել վճռաբեկ դատարան։ «2018-ի սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով ՄԻԵԴ-ը վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018-ի դեկտեմբերի 20-ին, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք», - նշեց Խաչատրյանը։ Եվրոպական դատարանը, ըստ Գլխավոր դատախազության, «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։
Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին, հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար: Դատավարության ողջ ընթացքում Սաղաթելյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները: Ազատ է արձակվել վաղաժամկետ՝ 2010-ի նոյեմբերին:
Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը հույս հայտնեց, որ ապօրինություններ թույլ տված անձինք պատասխանատվության կենթարկվեն։
«Ակնկալիքս մեկն է, որ հայ ժողովրդի հետ նման կերպով վարվողները պետք է հասկանան, որ մի գեղեցիկ օր պատասխան են տալու ու էսօր հատուցման օրը մոտեցել է։ Բոլոր էն դատավորները, քննիչները, դատախազները, ովքեր մասնակցություն են ունեցել այդ գործերի կարման կամ մնացած երևույթներին, բոլորը հատ-հատ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց Սևակ Սաղաթելյանը։ Ասաց՝ հայրը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, առողջական վիճակը ծանր է։