Աժ-ն այսօր ընտրում էր ԲԴԽ երրորդ թեկնածուին: Գիտնական-անդամի թափուր պաշտոնում «Իմ քայլը» առաջադրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանի թեկնածությունը: Մինչև քվեարկությունը, պատգամավորները նախ հարցեր ուղղեցին թեկնածուին: ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրող հարցերից էր՝ որքանով է ճիշտ դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնի ԲԴԽ-ն. «Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ պետք է վեթինգի ենթարկի ԲԴԽ-ին, որովհետև դատավորները կարող են շատ լավ չենթարկվել այս կանոնին»։
«Համաձայն եմ Ձեր ասած առաջին իսկ բառի հետ էդ առումով, որ առաջինը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից։ Այսինքն, եթե մենք խոսում ենք Բարձրագույն և Դատական խորհրդի կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին՝ առաջինը ԲԴԽ անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացով անցնելու։ Ես ինքս առաջինը դրան պատրաստ եմ», - պատասխանեց Մարգարյանը։
Աննա Գրիգորյանը դասախոսում է Երևանի պետական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում: Վերապատրաստվել է միջազգային բուհերում, իրականացրել մի շարք ծրագրեր: Հարցուպատասխանին հաջորդեց փակ գաղտնի քվերակությունը: Միայն ԼՀԿ-ն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: ԲՀԿ-ն կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին: Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, ՔՊ-ի երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցում:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոններում խորհրդարանը երեք թեկնածու առաջադրելու իրավունք ունի, երկուսն արդեն ընտրել է: Եվս երեք թեկնածու առաջադրելու է դատավորների ընդհանուր ժողովը: Դատական խորհրդի 10 անդամի տեղը համալրելուն կհաջորդի նախագահի ընտրությունը: ԲԴԽ նախագահի տեղը թափուր է Գագիկ Հարությունյանի հրաժարակինց հետո: