Կառավարությունը մինչև 2020-ը պատրաստվում է բնակարանով ապահովել աղետի գոտու շահառուներին։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, Սպիտակի երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է։ Ծրագիրը 3 միլիարդ դրամ կպահանջի։ «3 միլիարդը, արդեն որոշումը կա, որ պիտի հատկացվի, 2020-ին վերջնականապես էդ հարցը փակվի, 21 թվականին աղետի գոտու շահառու հասկացողությունը պիտի վերանա», - նշեց Վերմիշյանը։ Նա տեղեկացրեց՝ նախորդ իշխանությունների ժամանակ՝ որպես աղետի գոտու շահառու հաշվառվել է 5 396 ընտանիք: Նախորդ տարիներին 4943 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարան։ Մինչդեռ «Շիրակ կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի տվյալներով, աղետի գոտու շահառուների թիվը Գյումրիում մի քանի անգամ ավելի։ Ըստ Թումասյանի՝ նախորդ իշխանությունների ժամանակ նրանք տարբեր պատճառներով չեն ընդգրկվել շահառուների ցանկում։ «Չեն կարողացել փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացնել կամ սեփական տուն են կորցրել, ոչ թե պետական», - ասաց Թումասյանը։ Ըստ Վահան Թումասյանի, միայն Գյումրիում 1100 ընտանիք կա: