Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատախազության վերջին մեկ տարվա գործունեությունը գնահատում է արդյունավետ, բայց ոչ անթերի։ Գլխավոր դատախազության 101-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետն ընդգծեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում դատախազությունն ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է։ «Դատախազությունը ցույց տվեց, որ պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ՀՀ ժողովուրդը, դնում է նրա առաջ։ Այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ և ամեն օրվա, ամեն տարվա հետ ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ կտեսնեն, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի դատախազությունն է, իրենց անվտանգության դատախազությունն է, և իրենց ապագան ապահովող դատախազությունն է», - ասաց վարչապետը։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Փաշինյանը նշեց՝ անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտն է։ «Հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են»,- ասաց վարչապետը։