«Ժողովուրդը» օրաթերթը հունիսի 19-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է, Սասուն Խաչատրյանն էլ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Իրադարձություններն այդպես էլ զարգանում են: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022-ի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակով արդեն նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է:
Մասնավորապես, ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով
փոխանցվում է Քննչական կոմիտեին: Ընդ որում, նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դժվարացել էր պատասխանել՝
շարունակելու է պաշտոնավարումը, թե ոչ: Ուսումնասիրելով նախագիծը՝ պարզեցինք, որ այլ գերատեսչություններից ևս կան գործառույթներ, որոնք փոխանցվելու են նոր ստեղծվելիք մարմնին: Օրինակ՝ վերակազմակերպվելու է Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, ոստիկանությունից վերցվելու է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները, նույնը նաև ՊԵԿ-ի դեպքում:
Այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է հունիսի 10-ին, և քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը»: