Հուլիսի 4-ին Լոնդոնում, չնայած Կահիրեի բողոքներին, աճուրդի կհանվի Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնի կիսանդրին, գրում է Nouvel Observateur-ը: Եգիպտոսի իշխանությունները պահանջել էին չեղարկել աճուրդը և վերադարձնել 3000 տարվա գլուխգործոցը: Կիսանդրին 28,5 սմ բարձրություն ունի և մոտ 4,5 մլն եվրո է գնահատվում: Արձանը պատկերում է Ամոն աստծո գլուխը՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով, որ խորհրդանշում է փարավոնի՝ «աստծո մակարդակի» բարձրանալը: Եգիպտոսի հնագիտության նախկին նախարար Զահի Հավասը պարզաբանել է, որ կիսանդրին մի շարք այլ հնությունների հետ Եգիպտոսից դուրս է բերվել 1970-ականներին: «Christie's աճուրդի տունը չի կարող ասել մեզ՝ երբ է գողացվել կիսանդրին, իսկ տերերը ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացրել»,- ասել է նա: Աճուրդի տան տվյալներով՝ կիսանդրին 1985-ին գնել է մյունխենցի արվեստի հավաքորդ Հայնց Հերցերը ավստրիացի Ժոզեֆ Մեսսինայից, նա էլ՝ 1973-1974-ին՝ Տուրն-ն-Տակսիս դինաստիայի արքայազնից: