Կարող ենք ունենալ իդեալականին մոտ Սահմանադրություն, սակայն մեկնաբանություններով խեղաթյուրել Սահմանադրությունը, դրա բովանդակությունը, այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով, կարող է լինել նաև Սահմանադրություն, որի դրույթների միջև կան ներքին հակասություններ և տարբեր մեկնաբանություններ անելն անշնորհակալ գործ կլինի։ «Որպեսզի Սահմանադրությունը տարբեր մեկնաբանությունների առարկա չդառնա, պետք է հստակ դառնա երաշխավորը։ Երբ Հայաստանը կիսանախագահական երկիր էր, այն ժամանակ հստակ էր՝ ով է Սահմանադրության երաշխավորը, ՀՀ նախագահն էր։ Սակայն երբ մեր երկիրը դարձավ խորհրդականական կառավարում ունեցող երկիր, հստակ չէ՝ ով է երաշխավորը, երաշխավորի ինստիտուտը դուրս մղվեց, և ՀՀ նախագահին վերագրվեցին Սահմանադրությանը հետևելու գործառույթներ, որոնք հստակ չէին, անորոշ էին», - նշեց Այվազյանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանը չունի իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող հանրություն ու պրոֆեսիոնալ խորհրդարան, Սահմանադրության երաշխավորման խնդիրը մղվում է երկրորդ պլան, և տարակարծություններ են առաջանում։
Խորհրդաժողովը կազմակերպել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը: