Կառավարությունն այսօր որոշում է ընդունել ջրօգտագործող ընկերությունների տարիներ շարունակ կուտակած 4 մլրդ դրամ պարտքը մարել՝ ելնելով 2019-ի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:
Ջրօգտագործողների ընկերությունները դեռևս անցած տարիներից կուտակել են պարտքեր՝ վերջին տարիների սակավաջուր և չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019-ի ոռոգման շրջանը սկսվել է, արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների առաջ։ Հունիսի 10-ի դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը՝ 873 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ, և այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է ֆինանսական գործունեության, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։ Նախատեսվում է մարել ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն աննախադեպ քայլ է կատարում: Նախարարի խոսքով՝ աշնանը ՋՕԸ-ը իրենց գործունեությունը կսկսեն առանց պարտքի, որ հնարավորություն կտա առողջացնել համակարգը: