Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կարծում է` «Գազպրոմ Արմենիա»-ն 2019-ին գազի գնի բարձրացման հայտ չի ներկայացնի: «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին հայաստանցի սպառողները գազը ստանում են նախկին 150 դոլարով, բայց ռուսական «Գազպրոմ»-ի հետ Հայաստանի պայմանագրի ժամկետի ավարտին՝ 2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով՝ 15 դոլարով թանկ նախկինից: Բաղրամյանը ասում է, որ չի կարող վստահեցնել՝ գազի գնի նման կարգավիճակը կշարունակվի՞ նաև 2020-ին, թե՞ ոչ, քանի որ պարզ չէ նաև, թե սահմանում գազի ինչ գին կունենանք:
«Բանակցությունները մի քանի փուլով են ընթանում, էն փուլով, որ ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, դրա հետ կարելի է կապվել ավելի շատ սահմանին գազի գնի ձևավորման հարցում», - նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Հարցին՝ սահմանին կարո՞ղ է էժանանալ, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել ինչ կլինի էս պահին։ Բնականաբար, ես մի անգամ էլ եմ ասել՝ ամեն կողմ բանակցում է իր համար տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Բնականաբար, մենք բանակցում ենք նվազեցնելու կողմով»։