Այսօր առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած Եկեղեցական համագումարում 13 կողմ ձայնով պատրիարքական տեղապահ ընտրվեց Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ 1,5 ժամ տևած ժողովից հետո ընտրության արդյունքները հայտարարեց նիստի ատենապետ Թաթուլ վարդապետ Անուշյանը: Նորընտիր տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշեց` իր հիմնական առաքելությունն է ապահովել նոր պատրիարքի անկողմնակալ ընտրություններ: «Եկեղեցական համագումար-ժողովը քվեներու մեծամասնությամբ ինձի տեղապահ ընտրեց։ Տեղապահը պիտի կարգադրե ընտրության գործընթացը, գլուխը պիտի ըլլա Եկեղեցական ժողովներուն, և ինքը պիտի ապահովե, որ ընտրությունները անկողմնակալ կերպով կատարվի։ Այս վստահությունը, որ եկեղեցական եղբայրներս ինձի շնորհած են, շատ շնորհակալ եմ իրենցից։ Եկեղեցական դասուն և ժողովուրդին վստահությանն արժանի ըլլալ պիտի ջանամ», - ասաց Մաշալյանը։
Տեղապահի պաշտոնի մյուս թեկնածուի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին էին քվեարկել համագումարի մասնակից 11 հոգևորականներ։ Տեղապահի ընտրությամբ ավարտվեց նաև Աթեշյանի երկարամյա փոխանորդությունը:
Պատրիարքարանը այսօրվա ընտրության արդյունքների մասին հայտնելու է թուրքական պատկան մարմիններին: Այնուհետև կազմավորվելու է նոր պատրիարքի ընտրության նախաձեռնող հանձնաժողովը: Առաջիկա ամիսներին պետությունից պատրիարքական ընտրություն անցկացնելու արտոնություն ստանալուց հետո հայտնի կդառնան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի աթոռին հավակնող թեկնածուների անունները, որին կհետևի քվեարկության իրավունք ունեցող պատվիրակների ցուցակների հստակեցման գործընթացը: Հայտնի չէ՝ մինչև տարվա վերջ կընտրվի նոր պատրիարք, թե՞ ոչ: