Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորհրդաժողովում հրաժարվեց անդրադառնալ Սահմանադրության դատարանի անդամ և դատավոր թեմաներին։ Նրա պնդմամբ, առաջադրված խնդիրն արհեստածին է և նույնն է ինչ ասվի՝ «երկրագունդը տափակ է»։ Նրա կարծիքով, Հայաստանի Սահմանադրության շատ քիչ դրույթներ են, որոնք մեկնաբանման կարիք չունեն, օրինակ՝ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ «Շատ ավելի են այն դեպքերը Սահմանադրության մեջ, որոնք մեկնաբանման կարիք ունեն, և, երբ փորձում ենք հասկանալ իմաստը, հայտվում ենք ծանր կացության մեջ, որովհետև, կարծես թե, տեքստը գրված է, բայց միևնույն է, բավարար չափով չի սահմանում յուրաքանչյուր դետալ, օրինակ՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց ի՞նչ է նշանակում պատիժը մեղմացնող, գիտեք՝ Քրեական օրենսգրքում կա նվազագույն և առավելագույն պատիժ հասկացությունները։ Եթե, օրինակ, նվազագույն պատիժը մեղմացվեց, դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ, եթե առավելագույնը նվազեցվեց, դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ։ Յուրաքանչյուր այսպիսի նախադասություն իսկապես պահանջում է մեկնաբանություն, ինչը ստիպում է մշակել մեկնաբանման մեթոդաբանություն», - ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով, մեկնաբանություններն անհրաժեշտ են իրավունքի զարգացման համար։ Հարությունյանը պնդեց, որ Սահմանադրությունը դնում է սահմաններ, իսկ սուբյեկտիվ մոտեցումները հաճախ խախտում են այդ սահմանները և թույլ տալիս դրույթները մեկնաբանել յուրովի ու ըստ այդմ կայացնել որոշումներ։
Շարունակելով մեկնաբանության մեթոդների թեման՝ Հարությունյանը սկզբում կանգ առավ բառացի մեկնաբանության վրա՝ մատնանշելով Սահմանադրությունից մի օրինակ. «Սահմանադրության 32-րդ հոդվածը սահմանում է բնակարանի անձեռնմխելիությունը։ Բառացի ասվում է՝ բնակարանի, սակայն ի՞նչ է բնակարանը։ Սեփական տունը, ավտոտնակը, նկուղը, գրասենյակը, հյուրանոցի սենյակը բնակարա՞ն է, թե՞ չէ։ Շատ հաճախ մենք, երբ օգտագործում ենք բառացի մեկնաբանությունը, մտքում ունենք իմաստային միջուկը, հիմքը և սահմանային կատեգորիաներ, որոնք ևս պետք է դիտարկենք՝ օգտագործելով մեկնաբանման այլ մեթոդները»։ Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը և օրենքները մեկնաբանելիս պետք չէ կանգնել միայն մեկ մեթոդի վրա։ Դա, նրա խոսքով, անթույլատրելի է ու կարող է այլասերել օրենքը։
«Ամերիկյան մի դասական օրինակ բերեմ՝ սագի պատմությունը. սագը գտնվում էր երկաթգծերի վրա, ու շոգեքարշը, երբ անցավ սագի վրայով, առաջացրեց վեճ՝ սագի տերը փոխհատուցում պահանջեց երկաթուղուց՝ ասելով, որ շոհգեքարշի մեքենավարը խախտել է օրենքը, որտեղ գրված է՝ շոգեքարշի մեքենավարը պետք է արգելակի, եթե ուղիների վրա տեսնի որևէ խոչընդոտ կամ կենդանի։ Վեճը հասել է մինչև ամերիկյան Գերագույն դատարան, որտեղ շատ հետաքրքիր մեկնաբանման են հանգել՝ ասել են՝ այո, բառացի նա կենդանի է, որը գտնվել է երկաթուղու գծերի վրա, բայց նորմի բուն գաղափարը տառացի մեկնաբանելով մենք կհասնենք աբսուրդի, որովհետև նորմի նպատակն ուղևորների կյանքը փրկելն է, այլ ոչ թե այդ կենդանու։ Մեքենավարը ակնհայտորեն հասկանում էր, որ մի սագը չէր կարող խոչընդոտ լինել ու վտանգ հանդիսանալ ուղևորների համար։ Այսինքն՝ մեկնաբանման մի մեթոդն առանձին, իզոլացված վերցնելով ու օգտագործելով մենք կարող ենք հանգել անհեթեթությունների», - ավելացրեց Հարությունյանը: