Ուրախ եմ այսօր ՍԴ-ում հյուրընկալել մեր գերմանացի գործընկերներին, առավել քան ուրախ եմ համագործակցության սկիզբ ազդարարելուն աշխարհում 70-ից ավելի երկրներում գործող գերմանական ամենաճանաչված հիմնադրամներից մեկի՝ «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ՝ ՍԴ-ում փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց առաջ իր ելույթում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: «Իմ մասնագիտական գործունեության գրեթե ողջ ժամանակահատվածում, որտեղ էլ ես եղել եմ, բախտն իմ նկատմամբ բավական բարեհաճ է եղել: Ես իմ կողքին ունեցել եմ գերմանական փորձագետների, գերմանական կազմակերպությունների աջակցությունը: Պետք է խոստովանեմ, որ գերմանական իրավական, քաղաքական մտքի հետ շփումներն ինձ միայն հարստացրել են, ավելի վստահ ու ուժեղ են դարձրել: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարությանը, իրավական պետությանը և սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը»,- նշեց նա: Թովմասյանի խոսքով՝ հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության և համերաշխության սկզբունքները, որոնք միշտ են արդիական եղել, և շարունակելու են արդիական լինել: «Գերմանական սահմանադրական իրավունքը, սահմանադրական արդարադատությունն՝ առավել ևս, կարող ենք ասել, որ ոչ միայն աշխարհում առաջին հորիզոնականներում են գտնվում, այլ աշխարհում այդ ոլորտում նորաձևություն թելադրող քաղաքական և իրավական միտքն է:
Իմ մասնագիտական գործունեության ժամանակահատվածում գերմանական գործընկերների հետ աշխատանքը ինձ բերել է մի համոզման, որ երբեք գերմանացի փորձագետները փորձ չեն արել գերմանական փորձը որպես վերջին ճշմարտություն մատուցելու: Քեզ հետ միասին փորձել են հաշվի առնել քո երկրի առանձնահատկությունները և գտնել ճիշտ լուծումներ»,- հայտարարեց Թովմասյանը: Նա նշեց՝ հուշագիրը, որ ստորագրվում է, համագործակցության երեք ուղղություններ է մատնանշում. «Սահմանադրական իրավունքի ոլորտում լավագույն փորձի փոխանակում. Հայաստանի համար նման համագործակցությունը շատ կարևոր է: Հուշագիրը ենթադրում է նաև համատեղ հանրային միջոցառումների կազմակերպում, որը ևս շատ կարևոր է: 3-րդ ուղղությունը չի զիջում իր կարևորությամբ՝ դա ՍԴ աշխատակազմի մասնագիտական ներուժի ավելացմանը միտված միջոցառումներն են: Լավ աշխատակազմ ունենալը լավ որոշումների հաջողության գլխավոր գրավականներից մեկն է»: Թովմասյանը հավելեց. «Նմանատիպ համագործակցությունները չեն գալիս ՍԴ աշխատանքը կատարելու, բայց այն աջակցությունը, որը մենք ակնկալում ենք այս համագործակցությունից, վստահաբար, կարող ենք ասել՝ նպաստելու է մեր աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Իմ նախկին փորձը ցույց է տալիս, որ այս համագործակցությունն էլ է հաջողելու: Բոլորիս մաղթում եմ առավելագույնը քաղել այս համագործակցությունից»: