Ֆեյսբուքում փաստաբան Տիգրան Եգորյանը գրել է. «Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ»:
Դիմումում Սահմանադրական դատարանից խնդրում են չթույլատրել ՍԴ վերոնշյալ անդամների մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը։ «Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունն անհնարին է ինչպես որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, այնպես էլ գործի հանգամանքների և փաստերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառներով», - նշված է դիմումում։
Մեկ շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում ընդունեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի դիմումների քննությանը անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, մասնակցել է այս գործերի քննությանը այլ դատարաններում: