Հայաստանցի պաշտոնակցին Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուքը դիմավորեց իր նստավայրում՝ հանդիսավոր արարողությամբ, առանձնազրույցից հետո երկու վարչապետերն ընդլայնված կազմով բանակցություններ վարեցին, Նիկոլ Փաշինյանը և Նգուեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:
Վիետնամի վարչապետը ողջունեց Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական գործունեությունը, ներքաղաքական կայունության հաստատումը: Հայաստանի վարչապետը շեշտեց, որ մեկ տարում վճռական քայլերի շնորհիվ իր թիմը կարողացել է որակապես փոխել երկրի տնտեսական և ներդրումային միջավայրը:
Հայաստանում այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են նաև բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները՝ պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին՝ Երևանում, զուգահեռ կանցկացվի հայ-վիետնամական գործարար համաժողով:
Այսօրվա բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրեցին կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեղմացնել հարկային քաղաքականությունը:
Հանդիպումից ու բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ Վիետնամի վարչապետի հետ հանդիպումը գնահատելով արդյունավետ։ «Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուքի հետ», - գրել է Փաշինյանը:
Այսօր առավոտից Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Զոհված հերոսների հուշարձանին, այցելեց Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարան, Գրականության տաճար, շրջեց մշակութային համալիրի տարածքում, զարկեց ասիական խորհրդանշական թմբուկն` ասելով, որ շատ ոգեշնչող է:
Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպեց Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:
Հայկական պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ: