Հոլիվուդյան կինոաստղ Բրեդ Փիթը GQ ամսագրին հարցազրույցում ակնարկել է կարիերան ավարտելու մասին՝ նշելով, որ ցանկանում է ճանապարհը երիտասարդներին զիջել: «Ես իսկապես կարծում եմ, որ կինոն երիտասարդների խաղ է: Չեմ ասում, թե ավելի տարեց դերասանների համար կարևոր դերեր չկան, պարզապես զգում եմ, որ այդ խաղն առաջ կգնա իր բնական հունով, բնական ընտրության սկզբունքով»,- ասել է Փիթը: Նա հույս է հայտնել, որ ֆիլմարտադրության մեջ տեղ կա թե երիտասարդ, թե փորձառու դերասանների համար, բայց կարծում է, որ ինքը կարող է «դինոզավր» լինել՝ առանց իմանալու:
Նա մտադիր է ամեն տարի ավելի ու ավելի քիչ նկարահանվե ՝ ռեժիսորի և պրոդյուսերի աշխատանքին նվիրվելով: «Ամեն դեպքում հետաքրքիր է հետևել, թե ինչպիսին կլինի կինոյի ապագան, ինչ ձև կստանա: Ինձ շատ են դուր գալիս սթրիմինգ ծառայությունները, մեզ ավելի շատ որակյալ նախագծեր են մատուցվում, ավելի ու ավելի շատ սցենարիստներ ու դերասաններ են ի հայտ գալիս, որ վկայում է բազմաթիվ տաղանդավոր մարդկանց գոյության մասին»,- ասել է 55-ամյա դերասանը: