Իրաքի տարածքում գտնվող հնագույն քաղաք Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որոշումը կայացվել է Բաքվում Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստում։ Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստում դիտարկվում էր 35 օբյեկտի թեկնածություն՝ այդ ցանկում ներառելու համար: Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է Աքքադի պատմական շրջանում, Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր և դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը: Բաբելոնի մասին առաջին հիշատակումը եղել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ: