Վաշինգտոնը դիմել է Գերմանիայի կառավարությանը` Սիրիա զինվորականներ ուղարկելու առաջարկով: Գերմանական Welt am Sonntag թերթին և DPA գործակալությանը հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին: Նրա խոսքով Վաշինգտոնը ցանկանում է, որ Բեռլինը Սիրիայի հյուսիսային, քրդաբնակշրջաններ ուղարկի ռազմական վարժանքներ իրականացնող սպաներ, տեխնիկական անձնակազմ և տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպող մասնագետներ: «Մեր ցանկությունն է, որ գերմանական ցամաքային ուժերը փոխարինեն Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներին», նշել է Ջեֆրին: Սիրիայի քրդաբնակ շրջաններից 2000 ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած տարեվերջին: