Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրվելը ոչ իմ, ոչ էլ Սահակ Մաշալյանի պարագայում հաղթանակ չեմ համարում՝ Tert.am.am-ին ասել է Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ, Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: «Պարզապես 4-5 ամսվա ժամանակամիջոցում տեղապահը պետք է վարի պատրիարքական ընտրությունների աշխատանքները: Այստեղ ոչ մի հաղթանակ չկա»,- ասաց նա:
Հուլիսի 4-ին Պոլսո պատրիարքարանում միաբանների փակ ժողովում Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Բացի Սահակ Մաշալյանից, տեղապահի թեկնածու էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնփակ նիստում Սահակ եպիսկոպոս Մաշալյանի օգտին քվեարկել էր 13, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին՝ 11 հոգի։ Հարցին, որ ինքը տեղապահ չընտրվեց չի՞ նշանակում, որ համայնքում իր նկատմամբ դժգոհություն կար, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արձագանքեց, որ պետք չէ հոգևորականների որոշումը համայնքի որոշման հետ նույն կշեռքի վրա դնել: Գուցե հոգևորականները հաշվի են առել համայնքի տրամադրությունները՝ հարցին նա պատասխանեց․ «Ո՛չ, բացարձակապես կապ չունի: Ճնշումների տակ են քվեարկել, նյութական, կաշառք են առաջարկել, ճնշումներ են գործադրել: Ամեն ինչով էլ ազդել են հոգևորականների վրա»:
Նա չհամաձայնեց՝ պատրիարքի տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որ տեղապահի ընտրությունները ժողովրդավարական ճանապարհով են անցել: «Ժողովրդավարական կլինեն արդեն պատրիարքական ընտրությունները, ոչ թե տեղապահի ընտրությունները: Տեղապահի ընտրություններին միմիայն հոգևորականներն են մասնակցել: Իսկ պատրիարքական ընտրություններին ով որ շահի, նա ժողովրդավարական ճանապարհով հաղթանակ կտանի»,- ասաց նա:
Արամ սրբազանի խոսքով՝ իր հարաբերությունները Սահակ Մաշալյանի հետ շատ լավ են, խնդիրներ չունեն: «Խնդիր լինելու անհրաժեշտություն էլ չկա»,- ասաց նա:
Նա ներկայացրեց ընտրությունների նախապատրաստման գործընթացը․ ամեն թեկնածու իր պատգամավորն է ընտրելու, որոնց էլ ժողովուրդը պետք է քվե տա, իսկ ընտրված թեկնածուները իրենց քվեները կտրամադրեն պատրիարքի այն թեկնածուին, որին աջակցում են: Արամ Աթեշյանն ասաց, որ ինքը արդեն ունի իրեն աջակից պատգամավորները: Նա չպատասխանեց հարցին, թե ովքեր են նրանք: «Ձեր ինչի՞ն է պետք այդ մասին հիմա իմանալը: Երբ արդեն թեկնածուները հայտնի լինեն, երբ ընտրապայքարը սկսվի, այդ ժամանակ ամեն թեկնածուի պատգամավորներն էլ հայտնի կդառնան»,- ասաց նա: Թուրքիան ոչ մի կերպ չի միջամտի Պոլսի պատրիարքական ընտրություններին՝ ըստ Արամ Աթեշյանի, բայց առանց պետությունից ընտրությունների կանոնադրությունը ստանալու ընտրական գործընթաց նախաձեռնել չեն կարող, իսկ թե երբ կլինի կանոնադրությունը, նա դժվարացավ պատասխանել:
Հարցին, թե որքանով է իր համար կարևոր Պոլսի հայոց պատրիարք ընտրվելը, Արամ Աթեշյանը պատասխանեց․ «Դա ինձ համար, բնավ կարևոր չէ: Պատրիարքական աթոռին բազմողը պետք է չարչարվի: Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել: Մեսրոպ պատրիարքի օրինակն էլ վերջինն է»:
Դիտարկմանը, որ Պոլսո պատրիարքի փոխանորդը լինելով՝ համագործակցել է պետության հետ, իր ասելով՝ պատրիարքարանի շահերն առաջ տանելու համար, կարծո՞ւմ է՝ ընտրություններում իրեն կաջակցեն, նա պատասխանեց․ «Առանց պետության հետ համագործակցելու՝ չես կարող: Ամեն երկրում էլ պետության հետ պետք է հաշտ լինես: Շատ պարզ է դա»: Նա նաև «պարապ հարց» համարեց, որ պետությունը գուցե նրան աջակցի ընտրություններում: «Պետությունը գործընթացին չի խառնվելու: Նրա խնդիրը չէ, թե ով կլինի պատրիարքը»,- ասաց նա: