Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ նոր լարվածություն հրահրելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առանց այդ էլ սրված հարաբերություններում: Ընդդիմադիր հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման ժամանակ մեկ րոպե ռուսերենով վիրավորական՝ այդ թվում սեռական բնույթի արտահայտություններ է հնչեցրել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
ՌԴ ԱԳՆ հայտարարել է. «Տեղի ունեցածը դիտարկում ենք որպես ևս մեկ բացահայտ սադրանք Վրաստանի ծայրահեղական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը»: Կրեմլի արձագանքը ևս չուշացավ: «Վճռականորեն դատապարտում ենք մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչեցված վիրավորանքները, - հայտարարել է ՌԴնախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: -Անխոս, նման վարքագիծը, որը սադրվել է ռուս-վրացական հարաբերությունները էլ ավելի բարդացնել ցանկացողների կողմից, բացարձակ խելագարության հետևանք է, հարիր չէ վրաց ժողովրդին»:
Վրաց լրագրողի կողմից Կրեմլի ղեկավարի հասցեին հայհոյանքներն ու անպարկեշտ խոսքերը զայրույթ են հարուցել նաև Վրաստանում՝ խստորեն դատապարտել են երկրի ընդդիմությունը, թե իշխանությունները, թե լրագրողական կազմակերպությունները: «Սա սադրիչների պատերազմ է ընդդեմ սեփական երկրի, կեղտոտ և զզվելի խաղ պետության և քաղաքացիների հետ», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Հաղորդավարն իրեն թույլ է տվել անել մի բան, որն անընդունելի է Վրաստանի համար. դա կոչվում է հարված պետական շահերին»՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Իր անվան հետ կապվող լրատվամիջոցի եթերում տեղի ունեցած սկանդալային միջադեպը դատապարտել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ պայքարում մեր լրատվամիջոցները չպետք է նմանվեն ռուսաստանյան հիստերիկ ԶԼՄ-ներին: Ճշմարտությունը մեր կողմն է, և ճշմարտությունը մենք պետք է փոխանցենք քաղաքակիրթ ձևով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահը: Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր ուժին հարող հեռուստաընկերության լրագրողի աննախադեպ պահվածքը դատապարտել են նաև հարյուրավոր ակտիվիստներ, ո երեկոյան հավաքվել են լրատվամիջոցի շենքի մոտ՝ հրապարակային ներողության պահանջով: 1994-ից ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել իր լսարանից՝ հայտարարելով, որ լրագրողի ձևակերպումները չեն համապատասխանում բարձր չափանիշներին, որոնցով առաջնորդվում է լրատվամիջոցը: «Հեռուստաալիքը կտրականապես անընդունելի է համարում լրագրողի կողմից նման կարծիքի արտահայտումը: Հետևաբար մենք անպայման կքննարկենք հարցը և համապատասխան որոշում կընդունենք հեղինակի նկատմամբ», - հայտարարել է լրատվամիջոցի ղեկավար Նիկա Գվարամիան, ով իր հերթին բազմիցս է քննադատության թիրախում հայտնվել եթերում իր անպատշաճ արտահայտությունների պատճառով: Գվարամիան ենթադրել է, որ հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիան առաջնորդում են իշխանությունները, որ դատապարտելի է: «Ռուսթավի-2»-ի ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը միջամտելու փորձ: