Մեկ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների գերակատարումը ՊԵԿ-ը կիսամյակի ընթացքում է իրականացրել՝ շուրջ 63 միլիարդ դրամ։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց՝ գերակատարման մասին մայիսի 8-ին դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել՝ 100 փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս։ Անանյանը նկատեց՝ գրանցած ցուցանիշն ամենևին չի նշանակում, որ հաջորդ կիսամյակում էլ նույն միտումը պետք է շարունակվի։ Այդ գերակատարման շնորհիվ կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է սկսել՝ դրա արդյունքում հնարավոր կլինի մինչև 18 տարեկան քաղաքացիների համար պետպատվերով բուժսպասարկումը։ «Լավ է, որ մենք սկսում ենք ծախսել, վատ է, որ 25 միլիարդն ենք ծախսում։ Ոչ թե 25-ը պետք է ծախսվի, այլ ամբողջ 62-ը պիտի ծախսվի. ինչքան շուտ, էնքան լավ, ինչքան արդյունավետ, էնքան լավ։ Ծախսը շրջապտույտ է ապահովում և տնտեսական պրոցեսներ են կատարվում», - նշեց Անանյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա 6 ամիսներին 56 միլիոն ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, որն ապահովել է 146 միլիարդ դրամ հարկվող շրջանառություն։ «Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40 տոկոսի աճ, և դրանցով հայտարարագրվող շրջանառությունների առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ», - ասաց Անանյանը։ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ հունիսից կոշտ գործողություններ են սկսել շոու բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, որ չեն հայտարարագրում եկամուտները։ «Որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների։ Անձնական նամակի մեջ նշվելու է կոնկրետ փաստեր միջոցառումների նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները, իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», - ընդգծեց ՊԵԿ նախագահը։