«Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». սրանք էին հիմնական ուղերձները, որոնցով այսօր Բաքու էր ժամանել ԵՄ ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ադրբեջանի մայրաքաղաքում ԵՄ ղեկավարը հանդիպեց Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ դեմ առ դեմ ձևաչափով: «Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում, այլ բացառապես քաղաքական կարգավորում` հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Եվրամիությունը շարունակում է լիակատար աջակցություն հայտնել Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք կենտրոնացել են հարցի արդարացի և տևական լուծման վրա, որի հիմքում պետք է լինեն Հելսինկիի հռչակագրի հիմնարար սկզբունքները, - հայտարարում էր Դոնադ Տուսկը` հարկ համարելով ընդգծել,-Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ Բրյուսելը պատրաստվում է ջանքեր գործադրել հայկական և ադրբեջանական հասարակություններին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը նախապատրաստելու ուղղությամբ:
«Եվրամիությունն արդեն իսկ աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված գործողություններին և պատրաստ է աջակցել նաև երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերին», - նշում էր Դոնալդ Տուսկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցությունների ավարտին կրկին պնդում էր, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության գլխավոր պատճառը Երևանն է:
«Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է այն հիմնական պատճառը, որի հետևանքով հակամարտությունը դեռ լուծված չէ: Վստահ եմ, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Միսնկի խմբի ջանքերը պետք է ուղղված լինեն խնդրի շուտափույթ լուծմանը: Ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի, այդ փոփոխոթյունն իր հերթին Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի սկիզբն է նշանակում», - նշում էր Ալիևը:
Ադրբեջանի նախագահը այսօր կրկին հայտարարում էր, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի նախկինում միջազգային կառույցների, նաևառաջ ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում տեղ գտած պահանջների հիման վրա:
«Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա», - նշում էր Ադրբեջանի նախագահը:
Վաղը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կժամանի Երևան, որտեղից հուլիսի 11-ին կմեկնի Բաթումի: Հինգշաբթի օրը Աջարիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և 8 պետությունների ԱԳ նախարարներ: