ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսում ասաց, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նախագծի վերաբերյալ ձևավորվել էր աշխատանքային խումբ:
«Բնականաբար Արդարադատության նախարարությունն էր ի պաշտոնե ղեկավարում այդ աշխատանքային խումբը: Այնուամենայնիվ, մենք այնտեղ ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ մենք էինք, ըստ էության, տանում այդ թեզը: Իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը իրավական հարցերով շատ ակտիվ ընդգրկված էր այդ հարցում: Ես շատ ուրախ եմ, որ ինքն այժմ, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե ավելի համակարգված կտանի առաջ: ՊԵԿ-ն այժմ մի փոքր հետ է քաշվել այդ պրոցեսից, որովհետև գտնում ենք, որ այդ գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»:
Դավիթ Անանյանը շեշտեց, որ հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ: ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ հնարավոր չէ որևէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման: Այս սկզբունքը մշտապես պահպանվելու է. «Պետական որևէ մարմին իրավունք չունի որևէ անձից խլել իրեն պատկանող գույքը պետությանը պատճառած վնասի դիմաց: Այդպիսի բան հնարավոր չէ: Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Չի կարելի և հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատական ակտի»: