Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ
11.07.2019 | 23:09

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել լողալ Սևանա լճի այն ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։


«Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
- չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ,
- արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
- վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Ուստի, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 8011

Մեկնաբանություններ