Դավիթ Գարեջի վրացական վանական համալիրի շուրջ կրքերը կրկին բորբոքվել են. Բաքուն Թբիլիսիից պարզաբանումներ է պահանջում:
Ադրբեջանի հետ 446 կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասը կազմող և տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին: Ադրբեջանական կողմը պնդել է, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում, որտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Համալիր են եկել վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` պարեկություն սահմանելով վանական համալիրի հարևանությամբ: Սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով: Ըստ համացանցում տարածված տեսանյութերի համալիրի հարևանությամբ բնակվող վրացիները փորձել են կանխել ադրբեջանական ուժայինների կողմից սրբապատկերների տարհանումը՝ հնչեցնելով հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ:
Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիվիստներին, տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց և թույլ տալ մասնագետներին զբաղվել իրավիճակի հանգուցալուծմամբ: Ադրբեջանի իշխանությունները ԱԳՆ են կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին և բացատրություններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրավորելու միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը չի պարզաբանում՝ ինչու են տարհանվել սրբապատկերները:
«Ցավով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ոգուն և տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջև հակասություններ առաջացնելուն», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: Բաքուն նաև պահանջել է հետաքննել տեղի ունեցածը, քայլեր ձեռնարկել և տեղեկացնել ադրբեջանական իշխանություններին: