Ալավերդիի պատկերասրահի շենքն ամբողջովին անօրինական ձևով անցել է «Հայէկոնոմբանկին»: Մենք վճռական ենք տրամադրված, պայքարելու ենք, որպեսզի պատկերասրահի մնա իր տեղում՝ ասաց Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: «Ճանապարհ չենք փակելու, բայց ալաշկերտցիներով այնպես ենք անելու, որ ոչ ոք «Հայէկոնոմբանկ» մուտք չգործի: Այնպես կանենք, որ ալավերդցիներն իրենց գործարքներն ուրիշ բանկերում անեն, այ տենց՝ աթոռներին նստած թող մնան»,- նշեց Ռաֆայել Ջավախյանը: Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի դիմաց: Բողոքի ակցիայի առիթ էր դարձել փաստը, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր ենթականերին հրահանգել էր Ալավերդիի պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ: Ցուցարարների հավաստմամբ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդիի պատկերասրահի շենքը յուրացնելու համար:
Ռաֆայել Ջավախյանի խոսքով՝ Hetq.am կայքի հրապարակման հիման վրա մոտ 7-8 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել. «Քրեական գործ է հարուցված և դեռ չգիտենք՝ ոնց է լինելու ավարտը»: «19 տարի շարունակ Ալավերդու պատկերասրահի շուրջ սարսափելի անօրինականություններ են արել: Դատավորի վճիռ կա, որ կեղծ է, կադաստրի սեփականության վկայականն է կեղծ ճանապարհով ձեռք բերվել: Լրիվ ապացուցված է, որ շենքն ամբողջովին անօրինական ձևով անցել է «Հայէկոնոմբանկին»: Ալավերդիի պատկերասրահ, երաժշտական դպրոցը, սպորտդպրոցը, դրանք համարվում են Ալավերդիի կարևորագույն օբյեկտներ և ենթակա չեն օտարման, դրանք քաղաքի սեփականությունն են: Պարզ է, որ ամեն ինչ անօրինական ձևով է արվում: Շենքը երկու մասի են բաժանել, առանձին երկու սեփականության վկայական են հանել։ Որի տարածքում մենք ենք, ոմն Դավիթ է հայտնվել, որին ես չեմ ճանաչում: Ժամանակ առ ժամանակ զանգով ասում է, որ իմ տարածքից դուրս եկեք: Մի քանի անգամ էլ տարբեր ատյաններում դատարան է դիմել, որ իմ տարածքն այսքան ժամանակ զբաղեցրել են, փող տվեք, մեծ գումար է գրում»,- ասաց Ալավերդիի պատկերասրահի տնօրենը:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի՝ Ալավերդիի պատկերասրահի նկարներն ազգային պատկերասրահ տեղափոխելու հրահանգի մասին Ռաֆայել Ջավախյանը նշեց. «Պատկերասրահի տնօրենի ասածից ես չեմ վիրավորվում, ինքը ինձ մտերիմ անձնավորություն է, լավ մարդ է: «Հայէկոնոմբանկի» ղեկավարությունն է ճնշում, այդ մարդն այլ ելք չի ունեցել»: