Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Թերեզա Մեյին: Իր թվիթերում Համոնդը նշել է, որ հրաժարականի դիմումը ներկայացնում է Մեյի՝ հեռանալուց առաջ: Համոնդը հուլիսի 21-ին հայտարարել էր, որ գանձապետարանի ղեկավարի պաշտոնից կհեռանա նախքան վարչապետի փոփոխությունը, քանի որ մտադիր չէ «ազատված լինել» Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Բորիս Ջոնսոնի կողմից: Համոնդը դեմ է առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն, իսկ Ջոնսոնը չի բացառում նման ելքը: Հրաժարականի մասին հայտարարել է նաև ՄԹ արդարադատության նախարար Դևիդ Գոկը: Նա նույնպես իր դիմումն ուղարկել է Թերեզա Մեյին:«Հաշվի առնելով Բորիս Ջոնսոնի քաղաքական ուղին, որը նախատեսում է մինչև հոկտեմբերի 31-ը դուրս գալ ԵՄ կազմից, ինչ էլ որ պատահի, ես չեմ ցանկանում լինել նրա կառավարության անդամը», - գրել է Գոկն իր դիմումում: Կառավարության քարտուղարության ղեկավար Դևիդ Լիդինգթոնը նույնպես տեղեկացրել է, որ առաջիկա ժամվա ընթացքում վայր կդնի իր լիազորությունները: ՊՆ նախարար Փեննի Մորդոնտը համալրել է հրաժարական տված նախարարների ցանկը:
Արտաքին առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսը, էներգետիկայի և արդյունաբերության հարցերով նախարար Գրեգ Կլարկը հրաժարականներ են ներկայացրել անմիջապես Ջոնսոնի ելույթից հետո: