Լոնդոնի նախկին քաղաքապետ, նախկին ԱԳ նախարար, Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում է: Թուրքական մամուլը հիշեցնում է, որ նրա նախնիները Թուրքիայից են, Չանկիրի նահանգից: Բորիս Ջոնսոնի նախնիները Օսմանյան Կայսրությունում նաև բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել, նրա մեծ պապը՝ Ալի Քեմալը երեք ամիս ներքին գործերի նախարար է եղել, նաև կրթության նախախար: Ալի Քեմալի հայրը ծնվել է Չանկիրի նահանգի Կալֆատ գյուղում 1813-ին: «Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի փոխանցմամբ՝ այդ գյուղի բնակիչ Մուստաֆա Բալին ասել է, թե «այդ ընտանիքն այնպիսի անդամներ ունի, որոնք կարող են առաջնորդել աշխարհը, դա մեզ հպարտացնում է»: Նա ասել է, թե գյուղում Ջոնսոնի նախնիներին ասում են «Sarıoğlangiller», որ թուրքերեն նշանակում է «շիկահերների տղաներ»: Գյուղում հույս ունեն, որ Բորիս Ջոնսոնը կօգնի լուծելու գյուղի խնդիրները, գյուղապետն էլ հույս ունի Լոնդոն մեկել՝ գյուղացիների անունից անձամբ շնորհավորելու Բորիս Ջոնսոնին:
Կարո Փայլանը Թվիթերում գրել է Ջոնսոնի պապի մասին. «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող և քաղաքական գործիչ էր, ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնապետությանը և երիտթուրքերի ազգայնական քաղաքականությանը։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կործանման են տանում և իրավացի էր: Ալի Քեմալը դեմ դուրս եկավ հայերի տեղահանությանը: Երբ ներքին գործերի նախարար էր, պայքարում էր ցեղասպանության պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելու համար: Ստամբուլում կայացած դատավարությունների արդյունքում պատժվեցին ցեղասպանության որոշ դերակատարներ: Ալի Քեմալը խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Նա պահանջում էր, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար մեղավորները։ Եթե հաջողեր, պետությունը կմաքրվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց, կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»: