Սա Հայաստանի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան, ինչը ինքն իրենով տարօրինակ էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ, երբ եկել է իշխանության, մեկ անգամ չէ, որ այցելել է Վրաստան՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեն: «Իր մեկնաբանությունում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նշել է, որ բանակցությունները կրել են կոնկրետ բնույթ և վերաբերել են ինչպես երկկողմանի հարաբերություններին, այնպես էլ Վրաստանի և Հայաստանի համագործակցությանը միջազգային հարթակներում»,- ասաց նա: Գելա Վասաձեի խոսքով, իհարկե, հետաքրքիր կլիներ լսել իրենց նախարարից՝ ինչի մասին է հատկապես խոսք գնացել հանդիպման ժամանակ: Նա նկատեց, սակայն, որ նախարարը սահմանափակվեց նրանով, որ պատմեց՝ խոսակցության թեմաները վերաբերել են առևտրատնտեսական հարաբերություններին և Հայաստանից Վրաստան այցելողների թվի դրական դինամիկային: «Այս ամենը լավ է, բայց եթե խոսքը գնում է առևտրատնտեսական հարաբերությունները լավացնելու մասին, վատ չէր լինի ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, որ ազդեն առևտրի աճի վրա: Իսկ եթե խոսք է գնում այցելուների մասին, ասել՝ ե՞րբ քայլեր կձեռնարկվեն մեր սահմանապահների կողմից Սադախլո սահմանակետում կատարվող «զոռբայությունների» դեմ»,- ասաց նա: Վրացի վերլուծաբանը նշեց, որ իհարկե, շատ լավ է, որ մեր վարչապետերը և նախագահները գտնվում են կապի մեջ, հրաշալի է, որ աշխատում են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովները, բայց ցանկալի կլիներ տեսնել նրանց աշխատանքի կոնկրետ արդյունքները: Հարցին՝ կա՞ ըմբռնում երկու կողմերի միջև քաղաքական հարցերի, հայ-ռուսական հարաբերությունների, տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տարբերությունների վերաբերյալ, Գելա Վասաձեն պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում ըմբռնում: Կա իրականություն, և այն այնպիսին է, ինչպիսին կա: Հարցն այլ տեղ է՝ արվու՞մ է այն, ինչ պետք է արվի այդ հարցերում: Դրա մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասաց նա: Ինչի՞ կարիք կա երկու երկրների հարաբերություններում հարցին վերլուծաբան պատասխանեց, որ պետք է լինի հստակ պատկերացում հնարավորությունների մասին և դրանց գործնական իրականացում՝ «Կենացներն ու գովաբանությունները բավարար են, գործ է պետք անել»: