Արցախ այցի շրջանակում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգի ամրապնդելուն ուղղված քայլերը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնմանն ու խորացման հարցերին: Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ։