Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ առանց վարանելու կարտաքսի պահպանողական օրենսդիրներին, որ կհամարձակվեն մերժել կառավարության տեսակետը: Ցանկացած պատգամավոր, ով կքվեարկի կառավարության ծրագրին դեմ, կվտարվի պահպանողականների շարքերից և կզրկվի հաջորդ ընտրություններին առաջադրվելու իրավունքից:
Բրիտանիայի խորհրդարանոում այսօր հրատապ խնդիրը՝ բրեկզիտը գործարքով իրականացնելու գաղափարն է:
Ընդդիմադիր լեյբորիստները ցանկանում են անցկացնել օրենք, որով կառավարությունը չի ունենա ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալու իրավունք:
Բորիս Ջոնսոնն ասել է, թե ինքն էլ է ցանկանում համաձայնություն Բրյուսելի հետ, սակայն եթե չհաջողվի, Բրիտանիան միևնույն է դուրս կգա կառույցից:
Լեյբորիստների համոզմամբ, առանց գործարքի բրեկզիտը և թագավորության, և Եվրամիության համար աղետալի կլինի: Ջոնսոնը 650 մանդատով խորհրդարանում ունի սոսկ մեկ մանդատի առավելություն, ընդդիմախոս կուսակիցներին, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդին կամ արդարադատության նախկին նախարար Դեյվիդ Գոուքին արտաքսելու սպառնալիքի իրականացումը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների: Վարչապետը մնում է անդրդվելի:
«Մեր առաքելությունն է իրականացնել բրեկզիտը հոկտեմբերի 31-ին և նոր լիցք հաղորդել մեր Միացյալ Թագավորությանն ու դարձնել աշխարհի լավագույն երկիրը», - ասել է Ջոնսոնը: